Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ԼՈՒԾՈՒՄԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՇԱՀԵՐԻՆ»

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ԼՈՒԾՈՒՄԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՇԱՀԵՐԻՆ»
24.11.2009 | 00:00

Աստծո անցած յոթ օրում մի քիչ էլ հեռացավ Ցուլի տարին, և մի քիչ էլ մոտեցավ Վագրի տարին:
ԵՎրամիությունն ընտրեց նախագահ: Հերման վան Ռոմպյուիին: Բելգիայի Թագավորության վարչապետը 27 երկրների ղեկավարների նախընտրելի թեկնածուն դարձավ նոյեմբերի 19-ին, արտաքին քաղաքական հարցերով բարձրագույն ներկայացուցիչ ընտրվեց անգլուհի, բարոնուհի Քեթրին Աշթոնը: ԵՄ նախագահը պաշտոնավարում է երկուսուկես տարի և կարող է ընտրվել երկու անգամ: Հերման վան Ռոմպյուին պաշտոնը կստանձնի 2010-ի հունվարի 1-ից: Նախորդ պաշտոններում նա դեմ է եղել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:
ԵՎրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը նախարարների կոմիտեի նախագահությունը Սլովենիայից Շվեյցարիային փոխանցելու արարողությունից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրախորհուրդը պատրաստ է աջակցելու Թուրքիայի և Հայաստանի մերձեցմանը, նաև նշել է. «Այդ առնչությամբ դեռևս ոչ ոք մեզ չի դիմել: Երկու երկրներն էլ Եվրախորհրդի անդամ են, և այդ փաստը կարևոր է ինչպես բուն երկրների, այնպես էլ ամբողջ գործընթացի համար: Ես ողջունում եմ այդ մերձեցումը»: Տուրբյորն Յագլանդը հուսով Է, որ Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցումը կօգնի ղարաբաղյան հակամարտության լուծմանը:
Իսկ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Սամուել Զբոգարը հայտարարել Է, թե «սառեցված» հակամարտությունների, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության արագ լուծումը համապատասխանում Է բոլորի, նաև` Եվրախորհրդի շահերին. «Սառեցված» հակամարտությունը կարճ ժամանակում կարող է վերածվել թեժ հակամարտության, ուստի մենք պետք է այդ հակամարտությունների լուծման ուղիներ գտնենք: Եվրախորհուրդը չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, այդ հարցերով զբաղվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, բայց հակամարտության լուծման ուղիներն առաջին հերթին պետք է գտնեն Ադրբեջանը և Հայաստանը»:
Նոյեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն ասել էր. «Որքան մեզ հայտնի է, Երևանի և Անկարայի բանակցությունների ընթացքում վերհանվեցին ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Հավանաբար այդ համալիր հարցերը հաշվի են առնվում այս գործընթացում: Հուսանք, որ այդ ամենը միջազգային կազմակերպությունների համապատասխան որոշումներով կլուծվի և կարդարացնի տարածաշրջանային բոլոր երկրների սպասումները»: Նոյեմբերի 20-ին ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը նշում էր. «Մոսկվայում ուշադրություն են դարձրել, որ Հայաստանի մի քանի ԶԼՄ-ներ աղմուկ են բարձրացրել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի` նոյեմբերի 17-ին հայտնած մտքերի շուրջ: Պնդվում է, որ Մոսկվայում, իբր, փոխել են դիրքորոշումը և այժմ միմյանց են կապում ԼՂ հակամարտության կարգավորման և հայ-թուրքական մերձեցման գործընթացները: Դա թյուրիմացություն է»: Ռուսաստանյան տեսակետը, որ բազմիցս ներկայացրել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մնում է անփոփոխ. «Մենք դրական ենք վերաբերվում Հայաստանի և Թուրքիայի ստորագրած երկկողմ փաստաթղթերին, որոնք որոշում են կողմերի հետագա գործողությունները պետական հարաբերությունների առաջընթացի ու համապարփակ նորմալացման ուղղությամբ: Համոզված ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական կապերի հաստատումն օբյեկտիվորեն կնպաստի Անդրկովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, չնայած պահպանվող տարաձայնությանը, կողմերին հաջողվել է կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործում հասնել որոշակի առաջընթացի: Մենք տեսնում ենք մեր դերն այդ գործընթացին, կողմերի` հիմնական հարցերի փոխադարձաբար ընդունելի հանգուցալուծման որոնմանը աջակցելու մեջ, բայց առանց հակամարտության մասնակիցներին դրսից բաղադրատոմսեր պարտադրելու: Վերջնական ընտրության հարցում գլխավոր պատասխանատվությունը պետք է ընկնի իրենց` ադրբեջանցիների և հայերի վրա»: Ռուսաստանը պատրաստ է պաշտպանելու խնդրի լուծման այն տարբերակը, որը ձեռնտու կլինի բոլոր ներքաշված կողմերին, իսկ փոխզիջումային համաձայնության ձեռքբերման դեպքում հանդես կգա որպես կարգավորման երաշխավոր. «Հասկանալի է, որ կենսունակ կլինի խնդրի այնպիսի լուծումը, որը թույլ կտա Անդրկովկասում վերականգնել կայունությունը և հանգստությունը, իսկ հետհակամարտային փուլը կօգնի պահպանել ուժերի պատմականորեն ձևավորված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, չի հանգեցնի տարածաշրջանի վերածմանը միջազգային քաղաքական և ռազմական մրցակցության ասպարեզի»:
Նոյեմբերի 18-ին Ստոկհոլմում Եվրամիություն-Ռուսաստան գագաթաժողովից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում միակ խնդիրը, որի շուրջ Ռուսաստանն ու Եվրամիությունը եկել են ընդհանուր հայտարարի, Լեռնային Ղարաբաղն է. «Մենք քննարկել ենք Անդրկովկասի խնդիրները և այն գործընթացը, որ ծավալվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև` ուղղված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Այստեղ դրական տեղաշարժեր կան, և սա հենց այն օրինակն է, թե ինչպես կարող ենք համագործակցել»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցային գործընթացին անդրադառնալով` դժգոհել է միջազգային հանրությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, որովհետև խնդիրները կարգավորելու համար լինում է և՛ քաղաքական, և՛ ռազմական միջամտություն, որը տվյալ դեպքում չկա: «Մենք բանակցություններ ենք վարում, բայց ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ռազմական ճանապարհով ազատելու մեր հողերը», չի հոգնել ասելուց Իլհամ Ալիևը:
ՀՀ արտգործնախարարը ևս հերքում է ղարաբաղյան հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` միմյանց շաղկապված լինելը. «Մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, թե դրանք երկու տարբեր գործընթացներ են, դրա մասին հայտարարել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, գերտերությունների ներկայացուցիչները: Իսկ եթե որևէ երկրի ներկայացուցիչների կողմից հայտարարություններ են հնչում փոխկապակցվածության մասին, պարզապես թյուրիմացություն է, այդ երկրների ոչ պաշտոնական դիրքորոշումը»:
Դեկտեմբերի 6-7-ն ԱՄՆ այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկելու Է ղարաբաղյան հակամարտությունը, նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն: Նա նաև ընդգծել է, որ Անկարան ինքնուրույն Է որոշումներ ընդունում և իր արտաքին քաղաքականությունը չի կառուցում որևէ երկրի ցուցումով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի տնտեսական անկման տեմպերը դանդաղել են: Տնտեսության ամենամեծ անկումն արձանագրվել է հուլիսին` 18,5 տոկոս: Տարվա 10 ամիսների տվյալներով` 31 տոկոսով կրճատվել է արտաքին առևտրաշրջանառությունը:
Մանկական «Եվրատեսիլում» երկրորդը. «Բարսելոնան» Լուարա Հայրապետյանի համար հաջողության թիմ է: Փոքրիկ իշխանին որոնող Կատյա Ռյաբովայի հետ նա հավասար միավորներ հավաքեց և վերականգնեց հայկական մանկական երգի վարկը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ վաղ երիտասարդության շրջանում ԱԺՄ-ական էր, հասուն տարիքում ընտրել է ՀՀԿ-ն, այսուհետ կուսակցական է: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այդ առիթով տիրաժավորել է իր պատմական ասույթներից ևս մեկը` «Տիգրան Սարգսյանը դարձավ մեզանից մեկը»: Այնքան բազմաշերտ այս ասույթն ինչպես ասես կարելի է հասկանալ: Կարևորը, թերևս, իր` Տիգրան Սարգսյանի ընկալումն է:
ՀԱԿ-ի ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին արձագանքել է Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, իր ընկալման սահմաններում, և դա իրապես «այնքան աբսուրդային է, որ իմաստ չկա կանգ առնել բովանդակության վրա` դրա իսպառ բացակայության պատճառով», բայց մի հարց մնում է հանիրավի չպարզաբանված. իսկ ի՞նչ էր անում Ռոբերտ Քոչարյանն Աֆրիկայում: Ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ պայքարում Աֆրիկայի սովյալների համար իբրև հայտնի վոին որսի՞ էր ելել: Փառք ու պատիվ իրեն, հայերի դեմքը պարզ արեց: Համարյա Լուարա Հայրապետյան:
Նոյեմբերի 22, Բավարիա, Մյունխեն. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը վերստին հանդիպեցին: Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի նստավայրում կայացած և չորս ժամ տևած հանդիպման մասին համաշխարհային լրատվամիջոցները ժլատ էին իրենց տեղեկություններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն հանդիպումից հետո ասել է. «Լուրջ առաջընթաց գրանցվեց, միևնույն ժամանակ նշվեցին և որոշակի դժվարություններ», ինչպես հաղորդում է Reuters-ը: Նախագահները պայմանավորվել են նոր հանդիպման մասին, որի տեղն ու ժամկետը չեն նշվում: Տրամաբանորեն Մյունխենն այն կետը պիտի լինի, որ տեղաշարժ է ապահովում հայ-թուրքական հարաբերություններում, այլապես երկու նախագահների վերջին հանդիպումից այդքան երկար ժամանակ չի անցել, հազիվ թե սկզբունքներ կամ սկզբունքներից բխող այլ հարցեր այդ ընթացքում համաձայնեցված լինեին: Նաև` հազիվ թե նախագահները հանդիպեին հավաստելու համար, որ բանակցությունները շարունակվում են: Առավել ևս` հազիվ թե հանդիպեին, որ ՀՀ նախագահն ԱՀ նախագահին ասեր` վերջ տուր, քեզ էլ գիտենք, հերիք է պատերազմ-մատերազմ, ռազմական ճանապարհ, մեր հողեր... Թեպետ հանդիպումից առաջ Ալիևի հայտարարությունը, թե Մյունխենը պետք է վճռորոշ դերակատարություն ունենա, իսկ անարդյունք ավարտվելու դեպքում բանակցությունների հետ կապված հույսերը կսպառվեն, և պատերազմի պատրաստվելուց բացի, այլ տարբերակ չի ունենա, որոշակի լարում էր հաղորդել հանդիպմանը: Բայց մի՞թե Ալիևը դա ասում է առաջին անգամ: Առավել հետաքրքիր է թուրքական «Հուրիեթի» հրապարակումը, թե Մինսկի խմբի համանախագահներին հղվել է հույժ գաղտնի ուղերձ, ուր նշված է, որ Թուրքիան, Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններին հակառակ, համոզված է, որ երկու երկրների միջև սահմանի բացումը կապված է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ ուղղակիորեն և ներկայացնում է իր առաջարկները. Հայաստանի կողմից գրավյալ 7 շրջաններից դուրս գալը և այդ շրջաններում ադրբեջանցի փախստականների վերաբնակեցման հնարավորության ճանաչումը. Լեռնային Ղարաբաղի ապագայի և կարգավիճակի հարցը մի կողմ թողնելով` առկա համաձայնությունների շրջանակում միջանկյալ համաձայնագրի ստորագրումը: Ըստ «Հուրիեթի»` երկու արտգործնախարարները հանդիպելու են դեկտեմբերի 1-2-ին, Աթենքում: Euronews-ը հաղորդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նոյեմբերի 22-ի մյունխենյան հանդիպման ընթացքում պայմանավորվել են շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը հետագայում հիմք կդառնա հակամարտության հաղթահարման բազային համաձայնագրի համար: Պայմանավորվածության համաձայն` հայկական կողմը դուրս է բերում զորքերը Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներից` պահպանելով միջանցքի վերահսկողությունը, որն ապահովում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ցամաքային կապը, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվում է հանրաքվեով: Ադրբեջանական Day.Az-ը և 1news.az-ը մեջբերում են Բեռնար Ֆասիեին, նույնը` infox.ru-ն: Մյունխենյան հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ի՞նչ է բերելու Մյունխենը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Թե՞ համալրելու է «բանակցություններ հանուն բանակցությունների» հանդիպումների շարքը, որոնք պակաս կարևոր չեն, քանի դեռ ապահովում են խաղաղությունը տարածաշրջանում:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ